ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Այն, ինչ արել է պատանի կոմպոզիտորը, նորություն է երաժշտության մեջ»

«Այն, ինչ արել է պատանի կոմպոզիտորը, նորություն է երաժշտության մեջ»
23.04.2019 | 03:11

Նոր խոսք երաժշտության մեջ. Յուրի Կասպարովը այսպիսի բնորոշում է տվել ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ վերջին ստեղծագործություններին: Ռոբերտ Ամիրխանյանը, լսելով Նորայրի՝ պատանի հասակում գրած էստրադային ստեղծագործությունները, խորհուրդ է տվել մեծածավալ դասական կտավներ ստեղծել: Յան Գիլանը կանխատեսել է՝ Նորայրը և նրա եղբայրը՝ Միքայելը, մեծ ապագա ունեն: Միքայելը հաջողություններ է գրանցել նկարչական ասպարեզում՝ գրավելով արտերկրյա մասնագետների ուշադրությունը: Հարությունյան եղբայրները հրավերներ են ստացել դրսում ապրելու, սովորելու, գործունեություն ծավալելու: Հայրն անկեղծանում է. «Չեմ համաձայնել: Փոքր էին, երբ սկսեցին հաջողություններ գրանցել. կձուլվեին օտարության մեջ: Նորայրը 13 տարեկան էր, Միքայելը՝ 11»: Եղբայրների ընդունակություններն անսպասելի են ի հայտ եկել: Սկզբում Նորայրը սկսել է նկարչությամբ զբաղվել, եղբայրը՝ երաժշտությամբ: Մեկ-երկու ամիս անց դերերը փոխվել են: Միքայելը հրաժարվել է նվագելուց, ձեռքն է վերցրել վրձինը, Նորայրը սկսել է նվագել ու ստեղծագործել:

Միքայել Հարությունյանի ու աշխարհի ուշադրությունը գրաված նրա կտավներին, կարծում եմ, դեռ առիթ կունենանք անդրադառնալու: Այսօր մեր հյուրը ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է: 23-ամյա երաժիշտը վեց տասնյակից ավելի երաժշտական բազմաժանր ստեղծագործությունների հեղինակ է: Մոտ մեկ տարի հարմոնիա առարկան է պարապել Ստեփան Շաքարյանի մոտ, զբաղվել է ինքնակրթությամբ, որից հետո կոնսերվատորիա է ընդունվել ամենաբարձր գնահատականներով: Նպատակ ունի ուսումը շարունակելու արտերկրում. հրավեր ունի Անգլիայից: Սակայն նրա ստեղծագործություններն աչքի են ընկել մինչ նոտաճանաչ դառնալն ու երաժշտական կրթություն ստանալը: Առաջին դաշնամուրային կոնցերտն ընդգրկվել է Եղիսաբեթ թագուհու անվան կոմպոզիտորների մրցույթում: Գրել է 20 օրում: Հասցրել են նոտագրել ու ձեռագիր վիճակում ուղարկել մրցույթին: Հանձնախմբի անդամներն ապշել են, երբ իմացել են, որ 16 տարեկան է և երաժշտական կրթություն չունի:


Երիտասարդ երաժշտի արվեստի մասին դրական գնահատականներ են տվել նաև Անդրեա Բոչելլին, Տիգրան Մանսուրյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ստեփան Շաքարյանը… Նորայրը առանձնակի կարևորում է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Յուրի Կասպարովի գնահատականն առ այն, որ ինքը նոր խոսք է ասում երաժշտության մեջ: Բացատրում է` ինչու. «Ինչ-ինչ պատճառներով սկսել էի հետաքրքրվել խոսակցական ինտոնացիաներով: Խոսքն ունի երեք աստիճան՝ խոսակցական (որի մեջ մտնում են ասմունքային, սովորական զրույցի ու եկեղեցական թվասացության ինտոնացիաները), ասերգ և երգ: Սակայն խոսքի ինտոնացիաները իրականում չուսումնասիրված անծայրածիր հումք են կոմպոզիտորական արվեստում: Ես փորձեցի վերլուծել դրանք իմ երաժշտության մեջ՝ մարդու ձայնը վերածելով նոտաների»: Նորայրի «Տատիկի պատմություններից» և «Տերունական Աղոթք» պիեսներում (կատարում է Արամ Թալալյանը) ներկայացվում են, մի դեպքում, խոսակցական ինտոնացիա՝ զրույց, մյուսում՝ եկեղեցական թվասացության ինտոնացիա: Այսինքն, թավջութակը խոսում է տատիկի ու հոգևորականի ձայներով: Ասում է՝ որքան ուսումնասիրել է երաժշտական պարտիտուրաները, նման մեկնաբանության չի հանդիպել: Յուրի Կասպարովն անհամեմատ մեծ ու հարուստ փորձ ունի այս բնագավառում, նա հաստատել է, որ այն, ինչ արել է պատանի կոմպոզիտորը, նորություն է երաժշտության մեջ:
Բավարար չափով ներկայացվա՞ծ է Նորայր Հարությունյանը հայաստանյան բեմերում, թե՞ դեռ անելիք շատ կա: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նրանից:


Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ, կատարել է Նորայրի «Իմ Երևան» և «Խաղիկներ» գործերը (վերջինիս կատարող դիրիժորը Հարություն Օդաբաշյանն է): Բանակին նվիրված երգը, որ գրել է 14 տարեկանում, Սպայի տան «Զորական» անսամբլի երգացանկում է: Հնչել են նաև էստրադային, մանկական ստեղծագործությունները, սակայն Նորայրը նշում է, որ անելիք շատ կա, դեռ երաժշտասերներին չեն հասել նրա ամենակարևոր, հիմնական գործերը՝ սիմֆոնիաները:
Նորայրը մասնակցել է նաև ժամանակից երիտասարդ կոմպոզիտորների փառատոնին՝ ներկայացնելով իր կոմիտասյան լադերով գրված տաղը: Կոմպոզիտորի համար կարևոր է լսել իր գործի կենդանի կատարումը: Մեր զրուցակիցը պարզաբանում է. «Երբ դու ինքդ քո մեջ ես մի բան մտածում, դա այլ բան է, երբ դու քո մտածումը կիսում ես դիմացինի հետ ու լսում նրա գնահատականը, նաև ինքդ քո ներկայացրածը, լրիվ այլ բան է: Շատ դեպքերում դու նույնիսկ կարող ես չհամաձայնել քո ասածի հետ ու վերափոխել, հնարավոր է հակառակը՝ գոհ լինես ինքդ քեզնից»:


Մրցույթների մասակցում է, բայց մեծ նշանակություն չի տալիս: Համամիտ է ընդունված կարծիքին, որ դրանցում քաղաքականությունը, սուբյեկտիվիզմը, ծանոթ-բարեկամ մոտեցումներն անխուսափելի են: Նկատում է՝ Պիկասոն առանց մրցույթների մասնակցելու է դարձել Պիկասո, ճանապարհը պետք է հարթել տաղանդով և գիտակցությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելով. «Ամենակարևորը երաժշտի համար անկեղծությունն է. եթե կարողանաս հասնել դրան, կստեղծես քո ոճը, քո ձեռագիրը: Հաջորդիվ արդեն մարքեթինգի խնդիրն է, ինչը տարբեր հանգամանքներից է կախված՝ պետք է ֆինանս ունենաս, բախտդ բերի, լավ պրոդյուսեր ունենաս և այլն»:
Երբ լսեցի Նորայրի «Իմ Երևանը», մտածեցի՝ չի՞ փորձել գրել երաժշտություն պետական օրհներգի համար: Պարզվեց, որ գրել է, խոսքերը դեռ չկան, գործիքավորումը վերջնական չէ: Եթե մրցույթ լինի, կներկայացնի, եթե ոչ, վերջնական տեսքի բերելուց հետո կհանձնի հանրության դատին:


Հարկ է նշել, որ օրհներգի նրա առաջարկած տարբերակի, ինչպես նաև մյուս ստեղծագործությունների հիմքում հայկական լադերն են:
Գաղտնիք չէ, որ փոփ երաժշտությունը մեծ պահանջարկ ունի, և՛ ճանաչում է ապահովում, և՛ շահույթ: Հետաքրքրվեցի՝ չի՞ շարունակելու ստեղծագործել այդ ժանրում: Ասաց. «Նույնիսկ դասական երաժշտությունը, եթե գրես ականջահաճո մեթոդներով, համեմատաբար շահավետ կլինի: ՈՒնեմ էստրադային երաժշտության էսքիզներ, բայց հիմա դրանցով չեմ զբաղվում: Թոփ երգը կարևոր նշանակություն ունի կյանքը լցնելու, հետաքրքրացնելու, մարդկանց էմոցիոնալ պաշարը հարստացնելու առումով: Խոսքն իհարկե լավ երաժշտության մասին է: Եթե պարզվի՝ լսածդ գործն անհաջող է, ընդամենը ժամանակի կորստի ցավոտ զգացումը կապրես»:
Նորայրի երաժշտությունը հնչում է նաև մի շարք ֆիլմերում՝ Ալբերտ Մկրտչյանի «Լակոտը»՝ նկարահանված Սոս Սարգսյանի համանուն վիպակի հիման վրա, Սամվել Թադևոսյանի «Միացում» փաստավավերագրական ֆիլմը, «Եվ կրկեսը ժամանեց», «Ես քեզ սիրում եմ»:
Հետաքրքրվում է նաև քաղաքականությամբ, միջազգային անցուդարձով և ներքաղաքական խնդիրներով: Ամեն օր հետևում է նորություններին, քննարկում հայրիկի հետ: Պարզվում է` դեռ նկարչության մեջ էլ խոսք ունի ասելու: Բացի այդ, գրել է փիլիսոփայական տեսություն, որն առաջարկում է մեծակտավ գործի մտածողության համակարգ: Ասում է, որ այն կարելի է կիրառել արվեստի տարբեր ոլորտներում՝ գրականություն, երաժշտություն, ռեժիսուրա, թատրոն, օպերա:


Հավելենք, որ շուտով նրա երգչախմբային գործերը ներկայացվելու են Հունաստանում, Ֆրանսիայում, դաշնամուրային գործերը` Գերմանիայում: Թավջութակի համար գրված ստեղծագործությունը Յուրի Կասպարովի առաջարկով սիրով համաձայնել է կատարել Եկատերինա Անտակոլսկայան` Մոսկվայում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ